ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելութեան կողմից ցուցաբերուած անմիտ պահուածքը և ԵՄ արտաքին քաղաքականութեան և անվտանգութեան բարձր յանձնակատար Ժոզեպ Բորելին կոչ է անում վճռական գործողութիւններ ձեռնարկել Ադրբեջանի դէմ։

Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնն օգոստոսի 15-ին հաստատել է, որ Վերին Շորժայի ուղղութեամբ ադրբեջանական զինուժը թիրախաւորել է Հայաստանում Եւրոպական միութեան դիտորդական առաքելութեանը:

Չնայած վերջինիս նախնական հերքումին, հրապարակուեցին տեսաապացոյցներ, որոնք հաստատեցին ինչպես ԵՄ դիտորդների, այնպէս էլ նրանց մեքենաների ուղղութեամբ կրակոցների փաստը, ինչից յետոյ միայն ԵՄ առաքելութիւնը սոցցանցից հեռացրեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը վարկաբեկող նախնական յայտարարութիւնը և հաստատեց յարձակումը իրենց պարեկութեան տարածքում։ Բարեբախտաբար, այս միջադէպի ընթացքում դիտորդական առաքելութեան անդամները չեն տուժել:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելութեան կողմից ցուցաբերուած անմիտ պահուածքը: Այդ մօտեցումը ոչ միայն վտանգում է առաքելութեան վստահելիութիւնը, այլեւ լուրջ կասկածներ յարուցում դրա ընդհանուր արդիւնաւէտութեան վրայ: Նման անխոհեմ պահուածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ աւելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելութեան անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգութիւնը, որոնք հետևողականօրէն ենթարկուում են յարձակումների:

Յուսահատեցնող է նաև այն փաստը, որ ԵՄ առաքելութիւնը ձեռնպահ է մնում ագրեսորին բացայայտ մատնանշելուց և չի յստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատուութիւն կրում կրակոցների համար, որոնք թիրախաւորում էին նաև ԵՄ առաքելութեան անձնակազմին:

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելութեանը կոչ է անում գործել թափանցիկութեան և հաշտուողականութեանն սկզբունքների հիման վրայ։ Սա խիստ անհրաժեշտ է ԵՄ առաքելութեան արժանահաւատութեան և աշխատանքի արդիւնաւէտութեան համար։

Աւելին, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ արտաքին քաղաքականութեան և անվտանգութեան բարձր յանձնակատար Ժոզեպ Բորելին կոչ է անում վճռական գործողութիւններ ձեռնարկել Ադրբեջանի դէմ։ ԵՄ-ի համար հրամայական է թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հանդէս գալ շարունակական սադրանքների և միջազգային իրաւունքի անտեսման ադրբեջանական քաղաքականութեան դէմ: ԵՄ-ն չպէտք է դառնայ Ադրբեջանի անօրինական գործողութիւնների հետևորդը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
16. 08․ 2023 թ․

Հիմնական աղիւրը՝ arfd.am