Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացուած Ղազանչեցոց եկեղեցու ոչնչացմանը, որն Ադրբեջանն իրականացնում է «վերանորոգման» անուան տակ, Ադրբեջանը 2021 թուականից եկեղեցին այլանդակելու «վերանորոգում» կոչուող աշխատանքներ է իրականացնում, և ցաւօք հայկական կողմը տեղեակ չէ, թէ ինչ է կատարուում։

Արցախի Հանրապետութիւնը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մէջ։ Արդեն 8 ամիս է՝ Արցախը կտրուած է արտաքին աշխարհից, փակ է նրա կեանքի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ինչի արդիւնքում 120 հազար արցախահայեր կանգնած են ցեղասպանուելու շեմին։

Այս պայմաններում Արցախում գրեթէ բոլոր ոլորտներում իրավիճակն աստիճանաբար վատթարանում է։ Զբօսաշրջութիւն ոլորտը ևս գտնուում է պարապացուած վիճակում. եթէ 2020 թուականի աղետալի պատերազմից յետոյ այդ ոլորտն աստիճանաբար փորձում էր վերականգնուել, ապա շրջափակման պայմաններում այդ ամենը դարձել է անհնարին։

168.am-ի հետ զրոյցում խօսելով շրջափակման հետևանքով զբօսաշրջութեան ոլորտում առաջացած խնդիրների մասին, Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը յայտնեց՝ դեռևս կրած վնասների վերաբերյալ հաշուարկներ չեն արել, սակայն դրանք մեծ են։

«Բնականաբար, պաշարման ժամանակ հիմնականում ներքին տուրիզմը պէտք է զարգանար, և նախարարութեան կողմից ամեն տարի իրականացուում էր «Տուրիզմ-բաս» ծրագիրը, որը շատը քիչ վճարի դիմաց մարդկանց տարբեր ուղղութիւններով զբօսաշրջային երթուղիներ էր տրամադրում։ Մարդիկ մեծ սիրով ու հետաքրքրութեամբ օգտուում էին այդ երթուղիներից։ Այս տարի այս աշխատանքներն արդեն 100 տոկոսով իրականացուում էին, օրինակ, նախորդ տարի, երբ չկար բլոկադա, այդ ծրագիրն իր տոմսերի վաճառքը կատարել է 80 տոկոսով, իսկ այս տարի՝ 100 տոկոս, ցաւօք, մենք կարողացանք մինչև յունիսի վերջ այդ ամենը շարունակել։

Հիմա արդեն գնուած տոմսերը հետ ենք վերցնում, քանի որ վառելիքի պատճառով մրցոյթը շահած ընկերութիւնը չի կարողանում համապատասխան այդ երթուղիները սպասարկել։ Մեծ վնաս է հասցուած նաև ներքին տուրիզմին, որը շատ մեծ խնդիր է»,- նշեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Նրա խօսքով՝ շրջափակման պատճառով Արցախում վառելիքի խիստ պակասը կա, ինչի հետևանքով էլ այս պահին բոլոր ծրագրերը գրեթէ սառեցուած են։

«Ի ուրախութիւն բոլորիս պիտի ասեմ, որ դեռևս որոշակիօրէն շարունակուում են Ամարասի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները, սակայն, եթէ այսպէս շարունակուի, այդ աշխատանքներն էլ կդադարեցուեն։ Ցաւօք, յուլիսի սկզբներին վանական համալիրներից մէկի շինաշխատանքները դադարեցուեցին, քանի որ մարդիկ արդեն վառելիքի բացակայութեան պատճառով չեն կարողանում վերանորոգման աշխատանքները շարունակել»,- յաւելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացուած Ղազանչեցոց եկեղեցու ոչնչացմանը, որն Ադրբեջանն իրականացնում է «վերանորոգման» անվան տակ, Լեռնիկ Յովհաննիսեանն ասաց, որ եկեղեցու խեղաթիւրման աշխատանքներն Ադրբեջանի կողմից սկսուել են դեռևս 2021 թուականից, և, ցաւօք, հայկական կողմը որևէ տեղեկատուութիւն չունի, միակ տեղեկատւութեան աղբիւրը սոցիալական ցանցերն են և Ադրբեջանի կողմից հրապարակուած տեսանիւթերը։

«Ադրբեջանը սկսել է օկուպացուած Շուշիի եկեղեցիների ուղղափառացման գործընթաց, որը նորութիւն է, քանի որ կուպաժեցուած միւս եկեղեցիները յայտարարում է աղուանական։ Ուղղափառացման այդ գործընթացի համատեքստում ինչ-որ աշխատանքներ կատարելով՝ պղծում են մեր եկեղեցու նախկին տեսքն ու վերացնում հայկականութիւնը»,- շեշտեց նա։

Լեռնիկ Յովհաննիսեանը վստահ է, որ Արցախն ապաշրջափակելուց յետոյ զբօսաշրջիկների հետաքրքրութիւնն Արցախի նկատմամբ մեծանալու է, մնում է միայն ժամ առաջ հասնել այդ ապաշրջափակմանը և դրանից յետոյ մտածել ոլորտը զարգացնելու մասին։

«Ծրագրեր կային Հայաստանի տարբեր զբօսաշրջային ընկերութիւնների հետ, բայց, ցաւօք, դրանք հիմա սառեցուած են։ Տա Աստուած, շրջափակումը վերացուի, ու մենք սկսենք մեր բնականոն աշխատանքը»,- եզրափակեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Հիմնական աղբիւրը՝ arfd.am