Թուրքերը Արցախը խլեցին ռազմական ճանապարհով՝ Հայաստանում իշխանութեան բերելով հայ ազգի թշնամի ուժերի: Սակայն նրանց հայաջինջ քաղաքականության ճանապարհին դեռ կանգուն է հայ ժողովրդի հզօր պաշտպանական ամրոց՝ հայ ժողովրդի պատմական յիշողութիւնը: Հայոց պատմութեան նենգափոխումով թշնամին ահա այդ ամրոցն է ուզում խորտակել:

Հայոց պատմութիւնը վերափոխել ու Հայաստանի պատմութիւն դարձնելու փորձը ևս մէկ ապացոյց է, որ Հայաստանի  ներկայիս իշխանութիւնը Թուրքիայի և Ադրբեջանի հետ վերստին բարեկամանալ է փորձում, և այս ամենը  նրանց պահանջները իրականութիւն դարձնելու ևս մէկ փորձ է, որով կմերժուի մեր հազարամեայ պատմությունը։  

Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի» տնօրէն, հայագէտ Հայկազուն Ալվրցեանի հետ:

— Պարո՛ն Ալվրցեան, ու՞ր կտանի վերոնշեալ որոշումը։

— Այդ որոշմամբ կխեղաթիւրուի Հայոց պատմութիւնը։ Այս դասագիրքը կացնի հարուած է մեր հազարամեայ պատմութեան արմատներին, որովհետև վերոնշեալ  դասագիրքն ամեն նախադրեալ ստեղծում է հետագայում բազմաթիւ պատմական կարևորագոյն սկզբունքային հարցերից հրաժարուելու համար, օրինակ՝ հայոց բնիկութեան գաղափարից, որը տուեալ դասագրքում դրուում է հարցականի տակ, մեր մշակութային հնագոյն արժէքներից, Հայ դատից՝ Արևմտեան Հայաստանի, Կարսի, Արցախի եւ Նախիջևանի հայկականութիւնից: Արդեն իսկ պաշտօնական մակարդակում ժխտուում է մեր ազգային հիմնական խորհրդանշանի՝ Արարատ լեռան հայկականութիւնը: Այս ամենն ուղղակիօրէն ճանապարհ է հարթում Հայոց ցեղասպանութեան ուրացման համար:

— Ի՞նչ հետևանքներ կունենայ այս ընթացքը հայ ժողովրդի ապագայի կամ, ինչպես ընդունուած է ասել, հայկական շարունակականութեան վրայ:

— Թուրքերը Արցախը խլեցին ռազմական ճանապարհով՝ Հայաստանում իշխանութեան բերելով հայ ազգի թշնամի ուժերի: Սակայն նրանց հայաջինջ քաղաքականութեան ճանապարհին դեռ կանգուն է հայ ժողովրդի հզօր պաշտպանական ամրոց՝ հայ ժողովրդի պատմական յիշողութիւնը: Հայոց պատմութեան նենգափոխումով թշնամին ահա այդ ամրոցն է ուզում խորտակել: Իսկ դա անհնար է, քանի դեռ դպրոցում  հայ աշակերտները սովորում են ճշմարիտ Հայոց պատմութիւնը: Հայոց պատմութեան նենգափոխմամբ փորձ է արուում մահացու հարուած հասցնել հայ մարդու պատմական յիշողութիւնը՝ նրան վերածելով մանկուրտի: 

 — Իսկ ի՞նչ կտայ այդ կործանարար ընթացքին վարչապետի նախաձեռնութիւնը՝ վերանուանել «Հայոց պատմութիւնը»: 

— Երբ դասագրքի վերաբերյալ մտաւորականները, հասարակական-քաղաքական գործիչներն արտայայտեցին բացասական վերաբերմունք, իսկ հեղինակաւոր պատմաբանները համոզիչ հիմնաւորումներով փաստեցին դասագիրք յորջորջուած այդ շարադրանք վտանգաւորութիւնը, վարչապետ կոչեցեալը փորձեց պառակտել ձևաւորած ժխտողական միասնականութիւնը: Լաւ իմանալով, որ դասագիրքը մերժողները ամեն ինչում հակադրուելու են իր որևէ առաջարկի, ասպարէզ նետեց «Հայոց պատմութիւնը»  «Հայաստանի պատմութիւն» վերանուանելու առաջարկը: Ցաւօք այն ունեցաւ որոշ արդիւնք. շատերը, տրուելով այդ սադրանքին, սկսեցին տուեալ համատեքստում հերքել, նոյնիսկ ծաղրել Հայաստան բառը։ Բարեբախտաբար այն լուրջ հետևանքներ չունեցաւ:

— Ինչպէ՞ս կարելի է այս ամէնը կանխել:

— Եթէ տուեալ իշխանութեան վարած քաղաքականութիւնը սպառնում է պետութեան գոյութեանը, ապա իշխանութեան փոփոխութեան որևէ մեթոդ չի բացառուում, քանզի եթէ ազգի գոյութեան ոչնչացման վտանգ կա, ապա նրա գոյութեան իրաւունքից աւելի բարձր իրաւունք չկայ։ 

Հիմնական աղբիւրը՝ yerkir.am