Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդների հետ բեմադրուած հարցազրոյցների հեռարձակումը նրանց իրաւունքների ուղղակի խախտում է եւ աւելի է խորացնում նրանց առանց այն էլ ծանր վիճակը:

Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի յայտարարութիւնը․

«Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն լրջօրէն անհանգստացած է վերջին հաղորդագրութիւններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրաւունքների կոպտագոյն խախտումները, մասնաւորապէս հանրային հետաքրքրասիրութիւնից զերծ մնալու իրաւունքի հիմնարար սկզբունքի առնչութեամբ, որն ամրագրուած է ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւի երրորդ կոնուենցիայում: Այս գործողութիւնները ոչ միայն դատապարտելի են բարոյական տեսանկիւնից, այլեւ ուղղակիօրէն հակասում են միջազգային մարդասիրական իրաւունքին:

Ժնեւի երրորդ կոնուենցիայի 13-րդ յօդուածն ուղղակիօրէն արգելում է ռազմագերիներին ենթարկուել հանրային հետաքրքրասիրութեան: Ադրբեջանում ռազմագերիներին պատկերող տեսանիւթերի հրապարակային հեռարձակումն այդ կոնուենցիայի համաձայն նրանց անձնական կեանքի եւ արժանապատւութեան անձեռնմխելիութեան իրաւունքի կոպիտ խախտում է: Ժնեւի 4-րդ կոնուենցիայի 27-րդ յօդուածը նոյն կերպ արգելում է նման հրապարակային ցուցադրութիւնները քաղաքացիական անձանց դէմ: Աւելին, այս գործողութիւնները խախտում են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, որը հաստատում է գաղտնիութեան եւ անձնական կեանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրութեան կամայական միջամտութիւնից պաշտպանուելու իրաւունքը:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդների հետ բեմադրուած հարցազրոյցների հեռարձակումը նրանց իրաւունքների ուղղակի խախտում է եւ աւելի է խորացնում նրանց առանց այն էլ ծանր վիճակը: Ադրբեջանի նման մանիպուլյատիվ մարտավարութիւնը ծառայում է միջազգային մարդասիրական իրաւունքի ամբողջականութեան խաթարմանը եւ պէտք է անվերապահօրէն դատապարտուի միջազգային հանրութեան կողմից:

Այս աղաղակող խախտումների լոյսի ներքոյ կոչ ենք անում պետական գործիչներին եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններին ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ թոյլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների եւ պատանդների հետ տեսանիւթեր կամ հարցազրոյցներ: Սա ներառում է դիւանագիտական ուղիների օգտագործում, անհրաժեշտութեան դէպքում պատժամիջոցների կիրառում եւ հրապարակային դատապարտում ՝ Ադրբեջանին իր գործողութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու համար ։

Մենք վճռականօրէն ընդգծում ենք, որ այլ մասնակից պետութիւնների կողմից նման տեսագրութիւնների ցանկացած վերահեռարձակում թոյլ տալն ինքնին ոչ միայն Ժնեւյան երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների կոպիտ խախտում է, այլ նաեւ մարդասիրական իրաւունքի հիմնական սկզբունքների դատապարտելի անտեսում։ Հետեւաբար, չափազանց կարեւոր է, որ մասնակից բոլոր պետութիւնները հրատապ եւ վճռական գործողութիւններ ձեռնարկեն՝ կանխելու ադրբեջանական նման տեսանիւթերի որեւէ վերահեռարձակ իրենց իրաւասութեան տակ գտնուող սերվերների, լրատուամիջոցների հարթակներում։

Աւելին, մենք պահանջում ենք միջազգային մարդասիրական կազմակերպութիւններին, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն, անյապաղ եւ անարգել մուտք գործել բոլոր կալանավայրեր, որտեղ պահուում են հայ ռազմագերիներն ու պատանդները: Դա կարեւոր է այդ անձանց բարեկեցութեան եւ պատշաճ վերաբերմունքի ապահովման համար, ինչն ամրագրուած է Ժնեւի կոնուենցիաներով եւ մարդու իրաւունքների այլ կիրառելի միջազգային պայմանագրերով՝ ներառեալ Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ այլ տեսակի արժանապատուութիւնը նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակների դէմ կոնուենցիան :

Հրամայական է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրաւունքով ստանձնած իր պարտաւորութիւնները եւ դադարեցնի հայ ռազմագերիների եւ պատանդների իրաւունքները ոտնահարող բոլոր գործողութիւնները։ Դա չկատարելը ոչ միայն խաթարում է մարդասիրութեան եւ արժանապատւութեան սկզբունքները, այլեւ սպառնում է տարածաշրջանային կայունութեանը եւ խաղաղութեանը:

Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրութեան հետ՝ այդ խախտումների վերացման եւ հակամարտութեան հետեւանքով տուժած բոլոր անձանց իրաւունքների պաշտպանութեան ապահովման ուղղութեամբ ։ Կոչ ենք անում բոլոր պետական դերակատարներին եւ միջազգային կազմակերպութիւններին շարունակել պահանջել անյապաղ եւ անվերապահ ազատ արձակել ապօրինի ադրբեջանական գերութեան մէջ պահուող բոլոր հայերին։

Մեր հաւաքական պարտականութիւնն է պահպանել Ժնեւեան կոնուենցիաների եւ մարդու իրաւունքների վերաբերեալ համապատասխան սկզբունքները, ինչպէս նաեւ պաշտպանել ադրբեջանական գերութեան մէջ ապօրինի պահուող բոլոր ռազմագերիների եւ պատանդների արժանապատուութիւնն ու բարեկեցութիւնը:

Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբ»։

Հիմնական աղբիւրը՝ www.aysor.am