ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ «SOS Artsakh» կարգախօսով 24- ժամեայ նստացոյցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբաւարարուել լոկ յայտարարութիւններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ «SOS Artsakh» կարգախօսով 24- ժամեայ նստացոյցը ամփոփուեց ՄԱԿ-ի երևանեան գրասենեակի դիմաց։ Ըստ arfd.am-ի՝ նստացոյցի նպատակն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբաւարարուել լոկ յայտարարութիւններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անյապաղ վերացնելու ուղղութեամբ։

Ակցիայի մասնակիցները ողջ գիշեր եղել էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մօտ, այնուհետև առաւօտեան երթով շարժուել դէպի ՄԱԿ-ի գրասենեակ։

Ներկաների ձեռքին կային «Արցախը պաշտպանելը պարտականութիւն է», «Բացէ՛ք կեանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում», «Չկայ սնունդ, չկայ դեղորայք», «Այլևս ոչ մի ցեղասպանութիւն, կանգնէ՛ք Արցախի համար» հայերէն և անգլերէն գրառումներով պաստառներ։ Նրանք վանկարկում էին՝ «SOS Artsakh»:

Նստացոյցը յստակ օրակարգ ունէր՝ ևս մէկ անգամ մեր միջազգային գործընկերներին յիշեցնելու, որ ժամանակն է գործով, գործուն, արդիւնաւէտ քայլերով ապացուցելու իրենց արժէքներին, համամարդկային արժէքներին ու սկզբունքներին հաւատարիմ լինելը, ժամանակն է յայտարարութիւնների տեքստից անցնել գործուն, արդիւնաւէտ քայլերով ցոյց տալու, որ իրենք իրական ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների ջատագովն են, ժամանակն է դադարել լինել խուլ, համր և կոյր, ժամանակն է, որ կանգնեն իրական ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների և համամարդկային արժէքների կողքին։

Նստացոյցի ընթացքում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին փոխանցեցինք ցուցարարների պահանջները։ «Մենք ակնկալիք չունէք, որ այս ակցիայից անմիջապէս յետոյ մեր բոլոր խնդիրները լուծուելու են, ճանապարհը բացուելու է, բայց այս ակցիան, այս բողոքի ձայն բարձրացնելը առնուազն անհրաժեշտութիւնն է»,- նշում է Իշխան Սաղաթէլեանը։

«Պէտք է գործուն քայլեր ձեռնարկուի միջազգային դատարանի որոշումը իրագործելու»,- ընդգծում է ՀՅԴ անդամ Արշակ Մեսրոպեանը։

«Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական ագերսիվ գործողութիւնն իրականացրեց Արցախի Հանրապետութեան, Արցախի ժողովրդի ու համայնք հայ ժողովրդի դէմ»,- ՄԱԿ-ի գրասենեակից դիմաց յայտարարեց դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Հիմնական աղբիւրը՝ arfd.am