«Հայաստանի ամեն շրջան, քաղաք, գիւղ այցելելիս, այդ վայրերն ու բնակիչներն, արդեն դառնում էին մեզ հարազատ։ Եւ երբեք, մեր մտքով իսկ չէր անցնի, այ այս գիւղից, շրջանից, սարից հրաժարուենք, որ «խաղաղ» ապրենք»,- պատմում է Աւետիք Իշխանեան

«Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ  այցերը Արցախ աշխարհ և թէ ինչ է նշանակում ինձ համար Արցախը»,- պատմում է Աւետիք Իշխանեան իր յիշողութիւնները։ «Հայրս սովորութիւն ունէր, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբօրս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցոյց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական յուշարձանները։ Տարիներ անց միայն հասկացայ, այդ ճամփորդութիւնների իմաստը։ Հայաստանի ամեն շրջան, քաղաք, գիւղ  այցելելիս, այդ վայրերն ու բնակիչներն, արդեն դառնում էին մեզ հարազատ։ Եւ երբեք, մեր մտքով իսկ չէր անցնի, այ այս գիւղից, շրջանից, սարից հրաժարուենք, որ «խաղաղ» ապրենք։

1968 թուականի ամառն էր, ես 13 տարեկան պատանի էի։ Հայրս որոշեց իմ ու քրոջս հետ ճամփորդել, այս անգամ դէպի հարաւ։ Այսօրեայ պէս յիշում եմ այդ հեքիաթային ճամփորդութիւնը։ Առաջին կանգառը Եղեգնաձորում էր։ Մի քանի օր մնացինք Եղեգնաձորի հիւրանոցում, ամեն օր արշաւի գնալով տարբեր յուշարձաններ տեսնելու՝ Պռոշաբերդ, Սմբատաբերդ, Նորավանք, Սպիտակավոր վանք, Սուրբ Խաչ եկեղեցի, Թանահատի վանք, որտեղ եղել է Գլաձորի համալսարանը, Արենիի վանք, Սելիմի քարվանսարայ, Հերհերի վանք, Եղեգիսի ձորի հին քաղաքի  աւերակներ։ Բոլոր ճանապարհները դժուարանցանելի էին, գրունտային։ Ծանօթի միջոցով գտանք Ուազ (Վիլիս) մեքենայ տաքսի։ Յիշում եմ նաև վարորդի անունը՝ Լենիկ (Լենինի մտերմիկ ձևը)։ Ամեն ճամփորդութեան համար հայրս ժամի և գումարի համար պայմանաւորւում էր Լենիկի հետ և ինչ-որ պահից, Լենիկն արդեն, ոչ թէ պայմանաւորած տեղում մեզ սպասում էր, այլ արդեն հետաքրքրուած մեզ հետ  քայլում, բարձրանում էր՝ տեսնելու պատմական յուշարձանները։ Յատկապէս, տպաւորած է դէպի Նորավանք արշաւը։ Այն ժամանակ դեռ չկար այսօրեայ բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհը։ Նորավանք հասնելու համար, պէտք էր լեռնային, գրունտային կիրճի եզրով անցնող, խիստ վտանգաւոր, անբարեկարգ ճանապարհով հասնել Ամաղու գիւղ , այնտեղից արդեն, ոտքով իջնել ձոր և բարձրանալ դէպի Նորավանք։ Եղանք նաև Նախիջևանին սահմանամերձ Խաչիկ գիւղում։ Մէկ օր հանգստացանք Ջերմուկում։ Չեմ կարող մոռանալ, երբ ճաշելու գնացինք Ջերմուկի մի «Վետերոկ», որտեղ  մարմնեղ երաժիշտ կին, քամանչա նուագելով, երգում էր աշուղական երգեր։ «Վետերոկի» այցելուները, հիմնականում վարորդներ էին, որոնք, օղու բաժակը ձեռքերին, կարմրատակած աչքերով, ամեն երգին արձագանքում էին․ «Ջան, Տոտա ջան, ջան» և խորտիկներ ուղարկում աշուղուհու սեղան։ Յաջորդ կանգառը Սիսիանն էր։ Այցելեցինք Շաքիի ջրվէժ, Սիսիանի եկեղեցի։ Յաջորդ կանգառը Գորիսն էր։ Եղանք Տաթևի վանքում, տեսանք Սատանի կամուրջը։ Տպաւորած էի յատկապէս   հին Գորիսի և Խնձորեսկի, ժամանակին բնակելի քարանձաւներով։ Զարմանքով տեսանք, որ այն տարիներին Խնձորեսկի որոշ քարանձաւները դեռևս բնակելի էին։ Խնձորեսկի ձորում այցելեցինք Մխիթար սպարապետի գերեզմանին։

Գորիսից ուղևորուեցինք Արցախ և մի քանի օր մնացինք Ստեփանակերտի հիւրանոցում։ Ստեփանակերտում մեզ դիմաւորեց և այդ օրերին տարբեր վայրեր ուղեկցեց, հորս նախկին ուսանողներից մէկը՝ Ալյոշան (ազգանունը չեմ յիշում), ով  աշխատում էր Ստեփանակերտի քաղխորհրդում, կարծեմ ՝ մշակոյթի բաժնի վարիչ։

Այցելեցինք Գանձասար, Ամարաս, այլ վայրեր։ Գնացինք հինաւուրց հայոց բերդաքաղաք Շուշի, որը 1920թ․ հայկական ջարդերից յետոյ, բնակեցուել էր հիմնականում  ադրբեջանցիներով։ Երբ քայլում էինք Շուշիի փողոցներով, տեղացիները կասկածանքով էին մեզ նայում, հետևում մեր տեղաշարժին։ Ազդուած էի, յատկապէս երբ մօտեցանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Եկեղեցին կիսաւեր վիճակում էր, տարածքը ցանկապատուած , որպէս տրակտորների կայան։ Եկեղեցուն նայեցինք ցանկապատերի արանքից․․․ահաւոր ազդուած և յուզուած էինք։

Ստեփանակերտում մեզ ցոյց տուեցին մի երիտասարդի, որը ականատես լինելով մի տեսարանի,մի քանի օրուայ ընթացքում դարձել էր սպիտակահեր։ Մեզ պատմեցին այդ սարսափազդու պատմութիւնը, երբ մի ադրբեջանցի խոշտանգել և սպանել էր անչափահաս հայ տղայի։ Բաքուից եկած դատարանը, Ստեփանակերտում արդարացրել էր յանցագործին։ Զայրացած արցախցիները յարձակուել էին յանցագործին տեղափոխող մեքենայի վրայ։ Բոլոր երիտասարդներին  խոշտանգել և կալանաւորել էին Բաքուից եկած ոստիկանական ուժերը։

Երբ վերադարձանք Երևան, իհարկէ յիշելով մեր ողջ հրաշալի ճամփորդութիւնը, անընդհատ յուզմունքով մտածում էի Արցախի մասին։

Արցախից վերադառնալուց յետոյ, հայրս մանրամասն պատմեց Արցախի պատմութիւնը, սկսած Արցախի մելիքութիւններից, վերջացրած 1921 թուականի Կավբյուրոյի որոշումով։ Որպէս արցախցիների ոգու ուժի նկարագրութիւն, հայրս պատմեց, հետագայում ինքս կարդացի, Սարդարապատի ճակատամարտից յետոյ անգլիացի  ականատեսների հուշերը։ Ճակատամարտից յետոյ նրանք այցելում են վրանային հոսպիտալներ։ Քանի որ Սարդարապատում կռուող ջոկատները, հիմնականում, տեղային համալրումներ ունէին, այնպէս էլ վրաններում պառկած էին նոյն ջոկատների վիրաւոր զինուորները։ Այցելուները յատկապէս տպաւորած էին արցախահայերի վրան-հոսպիտալի այցելութիւնից։ Ըստ նրանց գրառումների, հարցին, թէ ինչպէս են իրենց զգում, նոյնիսկ ամենածանր վիրաւորները, առանց տրտջալու, պատասխանում էին․

-Ի՞նչ կապ ունի ես ինչպէս եմ, կարևորը յաղթեցինք, չէ՞, պահեցինք դիրքերը»։

Աւետիք Իշխանեանը շարունակում է․ «Յաջորդ այցելութիւնս դէպի Արցախ 1984 թուականին էր։ Ասպիրանտ էի Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Համամիութենական Երկրաբանական գիտահետազօտական ինստիտուտում։ Ինստիտուտի հրաբխագիտական բաժնի երկրաբանական արշաւախմբի կազմում, մասնակցեցի Արցախում  Յուրայի դարաշրջանի հրաբխականութեան ուսումնասիրութեանը։ Արշաւախումբն Արցախում աշխատեց շուրջ մէկ ու կէս ամիս։ Եղանք Արցախի համարեա բոլոր վայրերում, մի քանի օր այս գիւղի մօտակայքում էինք խփում մեր վրանային ճամբարը, ապա տեղափոխուում այլ վայր։ Առաջին ճամբարը Հադրութի շրջանում էր, շրջկենտրոնից ոչ հեռու։ Ճամբար խփեցինք նաև  Մարտակերտի շրջանի Վանք գիւղի մօտակայքում և այլ վայրերում։ Արշաւախմբում միակ հայը ես էի։ Երբ հերթական ճանբարը պէտք է խփէինք Մարտունու շրջանի  Մուշկապատ գիւղի մօտակայքում, արդեն յոգնած վրանային կեանքից, արշաւախմբի անդամներին առաջարկեցի փորձել որպէս կացարան օգտագործել գիւղի դպրոցը, քանի որ դպրոցական արձակուրդներ էին։ Բոլորը զարմացած նայեցին՝ «ինչպէ՞ս»։ Գնացի գիւղամէջ և հարցրի, թէ դպրոցի տնօրէնին ինչպէս կարող եմ տեսնել։ Ծանօթանալով դպրոցի տնօրէնի հետ, ներկայացրեցի առաջարկութիւնս։ Տնօրէնն ուրախութեամբ համաձայնեց, և արշաւախումբը տեղաւորուեց դպրոցի շէնքում, արշաւախմբի ամեն անդամ տեղաւորուեց առանձին դասասենեակում։ Մի խօսքով, դաշտային կոմֆորտ՝ առանձին համարներով, հոսող ջրով, զուգարաններով։ Այդ օրուանից արշաւախմբի անդամներն ինձ կոչեցին արշաւախմբի արտաքին գործերի նախարար։ Այսպէս ասած, մենք էլ «պարտքի տակ չմնացինք»։ Դպրոցի համար կազմեցինք Մուշկապատ գիւղի շրջակայքի երկրաբանական քարտէզ, պայմանական նշաններով, կապակցուած հրաբխային ապարների նմուշների հաւաքածուով։ Դպրոցի տնօրէնն անչափ գոհ էր։ Մուշկապատի բնակիչները ոգևորուած էին, որ արշաւախմբի կազմում հայաստանցի կա և ամեն օր մեզ թարմ բանջարեղէնն էին բերում։ Արշաւախմբում աշխատելը մասնագիտական տեսակէտից, ինձ համար աւելի քան օգտակար էր։ Բացի մասնագիտական քննարկումներից, երեկոները զրուցում էինք տարբեր հարցերից։ Երբ ճամբարը Վանք գիւղի մօտակայքում էր, այցելեցինք Գանձասարի եկեղեցին։ Արշաւախմբի բոլոր անդամները տպաւորուած էին։ Երեկոյան, նստած խարոյկի շուրջը զրուցում էինք։ Արշաւախմբի գիտական ղեկավար, ճանաչուած գիտնական-հրաբխագէտ Ալլա Սերգեևնա Օստրաումովան շրջուեց դէպի ինձ և հարցրեց․

-Աւետիք, չեմ հասկանում, Ղարաբաղում առկայ են հին հայկական պատմական յուշարձաններ, պարզ երևում է, որ սա պատմական Հայաստանի մաս է։ Ինչպէ՞ս է պատահել, որ Ղարաբաղը յայտնուել է Ադրբեջանի կազմում։

Որքան հնարաւոր էր, ներկայացրեցի Արցախի պատմութիւնը, նաև թէ ինչպէս 1921թ․ Կավբյուրոյի երկրորդ որոշումով Արցախը տրուեց Ադրբեջանին։ Հետևեց Ալլա Սերգեևնայի, իսկապէս զայրացած խօսքը․

-Ինչպիսի անարդարութիւն, բաւական չէ, որ կորցրեցիք Արևմտեան Հայաստանը, յետոյ էլ՝ Ղարաբաղը։

Մէկ րոպէ լռութիւն տիրեց և հետևեց և արշաւախմբի վարչական ղեկավար Ալեքսանդր Ավդեևի «սալդաֆոնական» արձագանքը․

-Բա մենք որքան կորուստներ ունեցանք՝ Ֆինլանդիան, Լեհաստանը։

Ինչպէս նշեցի, այդ արշաւախմբում ստացայ մասնագիտական մեծ աճ և փորձառութիւն։

Սակայն , աւելի քան տպաւորած և յուզուած էի արցախցիների հետ շփուելուց։ Ամեն բնակավայր մտնելիս կամ դաշտային աշխատանքների ժամանակ՝ լեռներում, երբ հանդիպում, շփուում էինք  արցախցիների հետ, բնականաբար, նրանք հետաքրքրուում էին, թէ ովքեր ենք, ինչով ենք զբաղուում։ Զրոյցի ժամանակ, երբ պարզուում էր, որ արշաւախմբի կազմում հայաստանցի հայ կա, շատերի աչքերը լցուում էին և բոլոր, այո՛ բոլոր արցախցիները հաւատում էին, որ վաղ թէ ուշ, Հայաստանի հետ միաւորուելու են։

Արցախեան այս երկրորդ այցելութիւնից յետոյ, վերջնականապէս սիրահարուեցի Արցախին և որոշեցի, հնարաւոր բոլոր ջանքերս գործադրեմ Արցախի ազատագրման համար»։

Հիմնական աղբիւրը՝ aravot.am