«Թաթոյեան» հիմնադրամը յայտարարութիւնն է տարածել՝ նշելով, որ այն բանից յետոյ, երբ Հայաստանում բարձրագոյն մակարդակով սկսեցին յայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և միւս գիւղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապէս յայտարարեց հայերի նկատմամբ յարուցած [կեղծ] քրէական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանութեան և տեղահանման ենթարկելու» յօդածներով:
Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` յարուցելով կեղծ քրէական գործեր:Մասնաւորապէս, երեկ Ադրբեջանի զինուորական դատախազութիւնը յայտարարութիւնն է տարածել այն մասին, թէ իբր 1990թ․ մարտի 24-ին հայերն ադրբեջանցի բնակիչների վրայ կրակ են բացել, որի հետևանքով սպանուել են և գիւղից տեղահանուել են ադրբեջանցիներ։ Ըստ ադրբեջանական դատախազութեան` «Բաղանիսի և Այրումի ցեղասպանութեան» մեղադրանքով 18 հայի նկատմամբ կեղծ քրէական գործը յարուցուել է 2005 թ․ մայիսի 5-ին՝ Ադրբեջանի քրէական օրէնսգրքի 103-րդ (Ցեղասպանութիւն) և 107-րդ (Բնակչութեանը բռնի տեղահանում) յօդուածներով։ Ըստ այդ յայտարարութեան` իբր «Ղազախի շրջանի 7 գիւղ շարունակում է մնալ Հայաստանի օկուպացիայի ներքոյ, որը [Հայաստանը] պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչութիւն»։ Այս ամենը ցոյց է տալիս, որ նշուած զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով, այդ թուում` Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալութիւններ և, առևանգումներով, գերեվարումներով: Ադրբեջանի իշխանութիւնն իր բոլոր յայտարարութիւններով ու գործողութիւններով ցոյց է տալիս, որ խաղաղութեան որևէ նպատակ չունի, ընդհակառակը` գործում է Հայաստանի ու հայութեանն ուղղուած առաւել ընդգծուած ագրեսիվ քայլերով ու սպառնալիքներով։
Նշենք, որ այս կեղծ մեղադրանքն արուում է Ադրբեջանի կողմից Տավուշի շրջանի հարակից չորս գիւղերը միակողմանիօրէն յանձնելու պայմանի համատեքստում։
Հիմնական աղբիւր՝ https://hetq.am/hy/article/165295