«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանեանի հիւրը փիլիսոփայ, սոցիոլոգ, կրօնագէտ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամաւոր Վարդան Խաչատրեանն է։
- Երբ հաւաքական Արևմուտքը որևէ երկրի համար ղեկավար է պատրաստում, նա նախ ստուգում է այդ երկրի կառավարելիութեան աստիճանը։ Փաշինյանի կառավարութիւնը դրսի կողմից կառավարելիութեան բարձր աստիճան ունի։
- Փաշինյանի sms-ով պաշտպանունակութիւնով Արևմուտքը թեստ արեց:
- Վրաստանում Սահակաշվիլու քաղաքական հեղինակութեան անկման մասին չի կարելի խօսել, որովհետև այն խթանուում է Արևմուտքի կողմից։
- Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հասկանում է, որ իրեն խաբել են։ Նա շատ ծանր ապրումների մէջ է եղել։ Պատրիարքն արմատապէս դէմ է այն զարգացումներին, որ Արևմուտքից պարտադրուել են Վրաստանին։ Դրա համար, քանի որ Իլյա 2-րդի հեղինակութիւնը Վրաստանում շատ բարձր է, շատ մարդիկ չեն մասնակցում բողոքի այսօրուայ ցոյցերին։ Ամեն օր 500-1000 մարդ դուրս է գալիս ցոյցի ու գնում տուն։
- Մենք այսօր կարիք ունենք գոյութիւն ունեցող համաշխարհային դինամիկայի, ռազմավարութեան ճշգրիտ վերլուծութեան։ Չինական ասացուածքն ասում է՝ եռացող կաթսայում սառը տեղ մի՛ փնտրեք։
- Ուկրաինայում փակուած են բոլոր ընդդիմադիր կուսակցութիւններն ու հեռուստաալիքները։ Ուկրաինայի բանտերը լցուած են քաղբանտարկյալներով։ Երկրի փողոցները լցուած են բռնութիւններով՝ զօրահաւաքն ապահովելու համար, Ուկրաինայում փակ է Ուղղափառ եկեղեցին։ Բայց այս ամենի մէջ Արևմուտքն ասում է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը դեմոկրատիայի համար է… քանի որ դա բխում է Արևմուտքի շահերից:
- Թրամփն ասում է՝ ես հասնելու եմ նրան, որ բոլոր այն ծնողները, ովքեր իրենց 2-3 տարեկան երեխաներին բռնի սեռափոխութեան են ենթարկել, անպայման դատապարտուեն։ Նման բան տեղի է ունեցել Իլոն Մասկի որդու հետ, որին խաբեութեամբ, ինչպես Մասկն է ասում, քիմիական կաստրացիայի են ենթարկել։ Ու նահանգապետը Մասկին ասել է՝ կհանդիպենք դատարանում, ու դուք կպարտուէք։
- Բոլոր տեսակի դեմոկրատիաները, որոնց արդիւնքում երեխայի աչքերում դժոխքն է երևում, գրոշ չարժեն…
- Սիրիայի զինեալների առաջնորդը հովանաւորուում էր կոնսոլիդացուած Արևմուտքի կողմից։ Քրդերին փող տուեցին, որ նրանք հեռանան այդտեղից։ Ու զինեալները մտան այդ տարածքից։ Երբ ես առաջին անգամ կարդացի, որ Ասադը ռևերսային հարկում է իրականացնում, հասկացայ, որ այդ իշխանութիւնը պահել հնարաւոր չէ։ Մարդկանց փող էին տալիս չաշխատելու ու միայն Բաշար Ասադին գովերգելու համար։
- Բաշար Ասադը, ի տարբերութիւն իր հոր՝ Հաֆիզ Ասադի, չկարողացաւ միաւորել ազգային փոքրամասնութիւններին։ Բոլորը գնացին իր դէմ, որովհետև չկայ երկիր, որտեղ իշխանութիւնը չպատկանի ժողովրդին։ Եթէ ժողովուրդը քեզ չի ուզում, ամեն ինչ վերջացած է։ Փաշինյանը լաւ գիտի այդ ամենը։ Որտեղ ղեկավարը կորցնում է իր ռեյտինգը, նա վերջացած է։
- Մենք գտնուում ենք եփ եկող կաթսայի մէջ, և թոյլին խժռում են։ Գալու է ժամանակ, երբ սահմանները ոչինչ չեն որոշելու։ Մեր ազգի առանցքային, արխիկարևոր խնդիրն անվտանգութիւնն է։ Երբ ասում են՝ Ֆրանսիան կապահովի մեր անվտանգութիւնը, դէ ասէք` դա ե՞րբ է եղել։ Մենք յիշում ենք՝ Ֆրանսիան Կիլիկիայում ինչ արեց, որ թուրքերը հայերին աւելի լաւ կոտորեն… Մենք յիշում ենք, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Թուրքիային ասաց՝ տուէք մեզ այս-այս արտօնութիւնները, մեք կկասեցնենք Հայոց ցեղասպանութեան հարցը… Դա հրապարակուեց թուրքական մամուլում։ Եւ ի՞նչ։ Ֆրանսիայի նախագահի մարմնի վրայ որևէ մկանային տատանում եղա՞ւ։
- Եւրոպան անվտանգութեան սպառող է, արտադրող չէ, որ մեկին էլ տա։ Անվտանգութիւնը Եւրոպան Ամերիկայից է ստանում։ Եւրոպան ձեզ չի կարող անվտանգութիւն տալ: Գնացէ՛ք, Ամերիկայի հետ պայմանագիր կապէք, կանի՞: Ամերիկան այսօր արդեն քննարկում է՝ նոյն գնով ինչո՞ւ պէտք է շարունակի ապահովել Եվրոպայի անվտանգութիւնը…
- Թուրքիայի ծրագիրը Մեծ Թուրանն է։ Մեծ Բրիտանիան դա է ուզում։ Հիմա եթէ ասում են՝ Հայաստանից հանէ՛ք 102-րդ ռազմաբազան, դա նրա համար է, որ Սիրիայի ալիքը Հայաստանի վրայով անցնի։ Հայաստանը ժանգոտ սեպ է՝ մեխուած Մեծ Թուրանի սրտում։ Եւ այդ «սեպը» հանելու համար ռուսական 102-րդ ռազմաբազան պէտք է հանել Հայաստանից։ Պարզ է, չէ՞: Եթէ մենք գնանք այդ քայլին, նշանակում է՝ մենք ուզում ենք, որ այդ ցունամին մեր վրայով անցնի։ Դրանք քայլեր են, որոնք կարող են հասցնել մեր երկրի կործանմանը։ Ոչ ոքի թող չթուա, որ Արցախը կորցնելով՝ մենք բարձրացրել ենք մեր անվտանգութիւնը։ Մեր երկրի անվտանգութիւնը հիմնուած էր երկու սիւնի վրայ՝ Հայաստան և Արցախ։ Արցախը կորցնելով՝ մենք արդեն «էստի համեցէք» ենք ասել ցունամիին։
- Չկայ այնպիսի կայսերապետութիւն, որը չի պահում իր սատելիտներին։ ԽՍՀՄ-ը պահում էր ողջ Արևելեան Եւրոպան, ԱՄՆ-ն էլ պահում է իր սատելիտներին։
- Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին. Դա ճանապարհ է Ադրբեջանի վրայով, որովհետև Իրանի դէմ ցանկացած գործողութիւն պէտք է իրականացուի Ադրբեջանի տարածքում գտնուող 4 ռազմաբազաներից, քանի որ եթէ դա Իսրայէլից արուի, կործանիչներն օդում պէտք է լիցքաւորուեն, իսկ դա դանդաղ է ու էֆեկտիվ չէ։ Ադրբեջանին մերժումը չի ներուելու․ նրան յիշեցնելու են, որ Ղարաբաղում ինքը չի յաղթել, այլ իրենք։ Իսրայէլի օգնութեամբ է դա եղել։
- Երբ Հռոմի պապը եկաւ Հայաստան, ուղերձ կարդաց, որի մի էջում գրուած էր՝ Արևելքի քրիստոնեաների ցեղասպանութիւնն ինձ վրայ ծանր է նստած, բայց ես ոչինչ չեմ կարող անել, թող հայերն այդ հարցը բարձրացնեն, որովհետև նրանք են կարողացել Հայոց ցեղասպանութեան հարցը ողջ աշխարհով բարձրացնել։ Իսկ եթէ ձեզ թուում է, որ դա հենց այնպէս է լինում, սխալուում էք։ Հռոմի պապի մի էջ տեքստի վրայ 1000 մարդ է աշխատում…
- Անցեալը չյիշող ազգն ապագայ չի ունենալու։ Ամեն անգամ, երբ դու մտածես՝ վտանգից խուսափելու համար պէտք է հետքայլ անես, մահուանը հանդիպելու ես ակնբախ։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն անցեալը թաղել, ապագայում դա իրենց դէմ է դուրս գալու։
- Միակ պայմանագիրը, որը պահպանուել է 100 տարուց աւելի, մասամբ էլ գործել է, թուրք-ֆրանսիական պայմանագիրն է։ Ու Ֆրանսիան մեզ պէտք է Թուրքիայից պաշտպանի՞…
- «Ազգ-նահատակ» ի՞նչ է նշանակում։ Հին Կտակարանում մի տող կա՝ թուր վերցնողը թրից կընկնի։ Բայց արդեօ՞ք մեր ողջ պատմութիւնն այն մասին չէ, որ երբ մենք մեր թուրը կողք ենք դրել, ոչնչացուել, ցեղասպանուել ենք, մեր հարստութիւնը մեզնից օտարուել է։
- Եթէ դու չես պահում քո բանակը, կպահես թշնամու բանակը, որն օկուպացրել է քո երկիրը։ Իսկ թշնամու բանակը ինչ կա, ուտում է ու ոչնչացնում է քեզ։ Ու եթէ մենք սա չենք հասկանում, մեծ ամօ՛թ է։
- Թուրքերը Սարդարապատի ճակատամարտից յետոյ հայերին ասել են՝ դուք աշխարհի թիւ մէկ կռուող բանակն էք, որովհետև մենք ձեր դէմ բերել ենք Գալիպոլիում կռուած ընտիր բանակը, իսկ թերսնուած հայկական բանակը աղցան է սարքել նրանցից։
- Թող ոչ մի իշխանութիւն չփորձի նսեմացնել մեր երկնային ժամապահներին՝ այդ 18 տարեկան երեխեքին, ովքեր 44-օրյա պատերազմում կռուում էին երկնքից թափուող կրակի տակ։
- Եթէ դու չես գծել ստրատեգիական ճանապարհը, որով քո յաջորդները պէտք է գնան, ինչո՞ւ ես մնում իշխանութեան։ Առհասարակ, ինչի՞ ես եկել իշխանութեան:
- Չի կարելի մոռանալ անցեալը ու ապագայի հետ կապուած հաշուարկների մէջ խորութիւն դնել։ Չի կարող լինել բարգաւաճում, եթէ չկայ անվտանգութիւն։ Մեր նախնիներն առաջիններից են եղել, որ կառուցել են ամրակայուած ամրոցներ։ Նրանք անընդհատ մտածել են անվտանգութեան մասին, այլապէս մենք կվերանայինք աշխարհի թատերաբեմից։
- Արևմտեան Հայաստանը միջազգային տերմին է՝ 1000 ու մի փաստաթղթերի մէջ ներառուած, Ադրբեջանի կողմից յօրինուած այդ «Արևմտեան Ադրբեջան» տերմինը որևէ տեղ ամրագրուա՞ծ է… Ինչպէ՞ս կարող է Փաշինեանն առհասարակ համեմատութեան մէջ դնել դրանք, դա անթոյլատրելի է:
- Մեծ Թուրանը Ռուսաստանը ոչնչացնելու, Չինաստանը ծնկի բերելու, Իրանն ամենաքիչը 3 մասի բաժանելու, Հայաստանը ջնջելու, Հնդկաստանի հերն անիծելու համար է։ Էդ ամեն ինչը չպատկերացնելը, չգիտեմ էլի, Րաֆֆին լաւ խօսք ունի, ասում է՝ փայտից շինած գլուխ է պէտք ունենալ այդ ամեն ինչը չհասկանալու համար:
Մանրամասները՝ տեսանիւթում
Հիմնական աղբիւրը՝ 168.am